ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբեր – Sputnik. Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը ոչ միայն պահպանվում է, այլ նաև մնում է բավականին բարձր։ Այսօր ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպման ժամանակ իր ելույթում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Գրեթե ամեն օր ադրբեջանական կողմը հերթական սադրանքն է կազմակերպում, խախտում հրադադարը սահմանին՝ դրանում մեղադրելով հայկական կողմին»,– նշել է նա։
Նա ևս մեկ անգամ ներկաներին հիշեցրել է, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված ռազմական ագրեսիան ոչ թե սահմանային միջադեպ էր կամ սահմանային բախում, այլ լայնածավալ ներխուժում էր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ ծանր հրետանու, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և մարտական անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:
«Արդյունքում Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքում գտնվող 36 բնակավայր և համայնք, այդ թվում՝ Գորիս, Ջերմուկ, Վարդենիս, Կապան քաղաքները: Ժամանակավոր տեղահանվածների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 7600 մարդ՝ հիմնականում կանայք և ծերեր, ինչպես նաև 1437 երեխա և 99 հաշմանդամ»,– ասել է ԱԽ քարտուղարը։
Նա հավելել է նաև, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքները չեն վերացվել, և Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են ապօրինի վերահսկել մեր երկրի տարածքի տասնյակ քառակուսի կիլոմետրեր։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։