Տավուշի նախկին մարզպետին մեղադրանք է առաջադրվել. նա 7 անշարժ գույք չի հայտարարագրել

Հովիկ Աբովյանը. Արխիվային լուսանկար
Հայտարարագրում տվյալները դիտավորությամբ թաքցնելու համար նախկին մարզպետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Տավուշի նախկին մարզպետն առանձնապես խոշոր չափերով 7 անշարժ գույքի վերաբերյալ տվյալները թաքցրել է և չի հայտարարագրել: Այս մասին տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական էջից։
Նշենք, որ տվյալների համաձայն՝ խոսքը Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի մասին է։
«Նա, 2014 թվականի մայիսի 15-ից զբաղեցնելով ՀՀ Տավուշի մարզպետի պաշտոնը և հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, 2018 թվականի հունիսի 26-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում դիտավորությամբ չի ներառել հայտարարագրման ենթակա, Երևան քաղաքում և Տավուշի մարզում գտնվող առանձնապես խոշոր չափերով` 3.035.946 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 7 անշարժ գույքերի վերաբերյալ տվյալները»,- նշված է հաղորդագրությունում:
Հայտարարագրում տվյալները դիտավորությամբ թաքցնելու համար նախկին մարզպետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով։
Աբովյանի նկատմամբ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: