Սոչիում և Պրահայում արձանագրվեց, որ հայ-ադրբեջանական սահման գոյություն ունի. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵՄ նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եվրադիտորդների գործուղումը ՀՀ սահման հնարավոր եղավ Պրահայի արդյունքների հիման վրա, երբ արձանագրվել էր 1991-ի հայ–ադրբեջանական սահմանի փաստը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Ե՛վ Սոչիում, և՛ Պրահայում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում արձանագրվել է, որ գոյություն ունի հայ-ադրբեջանական սահման։ Ազգային ժողովում 2023թ.–ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շատ կարևոր եմ համարում, որ միջազգային հարթակներում մեզ հաջողվում է արձանագրել` Հայաստանի և Ադրբեջանի միջև կա սահման, և դա արձանագրված է 1991-ի Ալմա Աթայի հռչակագրով և հարակից փաստաթղթերով։ Եթե չկա սահման, կարելի է ասել, որ չկա ագրեսիայի փաստ»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` ստացվում է, որ եթե Պրահայում և Սոչիում արձանագրվել է, որ գոյություն ունի հայ-ադրբեջանական սահման, ապա ինքնին արձանագրվել է, որ ագրեսիա է եղել` դրանից բխող միջազգային արձագանքներով։
Վարչապետը նշում է, որ եվրադիտորդների գործուղումը ՀՀ սահման հնարավոր եղավ Պրահայի արդյունքների հիման վրա, երբ արձանագրվել էր 1991-ի հայ–ադրբեջանական սահմանի փաստը։
Փաշինյանն այս առումով շնորհակալություն հայտնեց հանրությանը` ասելով, թե նույն ալիքի վրա են գտնվում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Քառակողմ հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հոկտեմբերի 31-ին հանդիպել են Սոչիում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Տեղի է ունեցել բովանդակային քննարկում. Կոպիրկինը` Սոչիի եռակողմ հանդիպման մասին
Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։