ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ուսումնասիրում է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտու ստեղծման հարցը, գլխավոր խնդիրն է կանխել Կիևի գնդակոծությունները։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Եկեք չնախատեսենք ոչինչ, որովհետև դա բարդ հարց է, այն այժմ ակտիվորեն ուսումնասիրում են մեր գերատեսչությունները, առաջին հերթին՝ պաշտպանության նախարարությունը։ Գլխավոր խնդիրն է կանխել ուկրաինական զինված ուժերի կողմից ԶԱԷԿ-ի գնդակոծությունը»,–ասել է նա։
Նա հավելել է, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների ներկայությունը կայարանում կարող է թույլ տալ նվազագույնի հասցնել գնդակոծությունները:
«Մենք գիտենք, թե որքան ակտիվ է այստեղ համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի և փորձագետների հետ, որոնք գտնվում են կայարանում։ Պարբերաբար իրականացվում է այդ աշխատակիցների ռոտացիան։ Հուսով ենք, որ դա թույլ կտա նվազագույնի հասցնել առնվազն վտանգավոր միջադեպերը, որոնք հղի են միջուկային աղետով»,–ընդգծել է Ռուդենկոն։
Հիշեցնենք, որ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից: Ուկրաինացի զինվորականները պարբերաբար գնդակոծում են Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանին հարակից տարածքը։