ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. «Ռեգնում» լրատվական գործակալության հեռարձակումը դադարեցվել է։ Այս մասին ասվում է գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ընկերության կայքում։
Ինչպես նշել է Կոլերովը, «Ռեգնում» տեղեկատվական գործակալության կառավարման ընկերության սեփականատերն առանց նպատակների բացատրության և պատճառների փոխել է գործակալությունը կառավարող ընկերության ղեկավարությանը:
«Դա անհնար է դարձրել «Ռեգնում» լրատվական գործակալության աշխատանքի հետագա շարունակումը նախկին ձևաչափով, որը 2022 թվականի հուլիսին գործակալության 20-ամյակի կապակցությամբ բարձր է գնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մինչև իրավիճակի պարզաբանումը «Ռեգնում» լրատվական գործակալությունը դադարեցնում է հեռարձակումը», - հայտնել է Կոլերովը։
Հիշեցնենք, որ «Ռեգնում» լրատվական գործակալությունը հիմնադրվել է 2002 թվականի հուլիսի 22-ին։ Գործակալության հիմնադրումից մինչև 2003 թվականի մարտի 22-ը գլխավոր խմբագիրն էր Կոլերովը, այնուհետև նրան փոխարինեց Կոնստանտին Կազենինը։ 2007 թվականի նոյեմբերից մինչև 2009 թվականի օգոստոսը գործակալության գլխավոր խմբագիրն էր Վիգեն Հակոբյանը, որին կրկին փոխարինեց Մոդեստ Կոլերովը։