ՌԴ-ն օգտագործում է «երթուղի» տերմինը. Զախարովան` «Զանգեզուրի միջանցքի» հարցի մասին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան . Արխիվային լուսանկար
Երթուղիների գծման աշխատանքները կշարունակվեն եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում` 3 երկրի փոխվարչապետների նախագահությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանն օգտագործում է «երթուղի» տերմինը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին«Անադոլուի» լրագրողի հարցին։
«Տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդիրը քննարկվել է Սոչիում կայացած գագաթնաժողովում (Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարի հետ,– խմբ.)»,– ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով` համապատասխան աշխատանքը շարունակվելու է եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում` 3 երկրի փոխվարչապետների նախագահությամբ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է Հայաստանի Հանրապետության հարավային շրջաններում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» բացելու մտադրության մասին։ Պաշտոնական Երևանը մերժում է արտատարածքային միջանցքի գաղափարը, սակայն պատրաստ է բացել այն ճանապարհները, որոնք կգտնվեն այն երկրների իրավասության ներքո, որոնց միջով դրանք անցնելու են։