Նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել մարզային մի շարք պատմամշակութային օբյեկտների

Նիստում քննարկվել է նաև 25 հուշարձանի պահպանական գոտիների նախագծերին համաձայնություն տալու հարցը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ մի շարք պատմամշակութային օբյեկտների նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության գիտության նախարարությունը, որին կից փորձագիտական հանձնաժողովի երրորդ նիստում է որոշումն ընդունվել։
Այդ հուշարձաններն են` ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոնի շենքը, Արարատի (Լանջառ գյուղ) և Սյունիքի (Նորավան գյուղ) մարզերում գտնվող մ.թ.ա. 2-1 հազարամյակի դամբարանադաշտերը, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի երեք խաչքարերը (12-13-րդ դդ.), Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մշակույթի տունը (Էներգետիկների պալատ, 20-րդ դ.) և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գտնվող «Կաբարդինսկի» զորանոցի տարածքում առկա 3 կառույցը։
Վանեվանքը
«Դրանք սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ կառավարության հաստատմանը և կընդգրկվեն պատմության և մշակույթի հուշարձանների համապատասխան ցուցակներում։ Նիստում քննարկվել է նաև 25 հուշարձանի պահպանական գոտիների նախագծերին համաձայնություն տալու հարցը: Դրանցից 12 նախագծի վերաբերյալ դիտողություններն աշխատանքային կարգով ներկայացվել են «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին»,– ասված է հաղորդագրությունում։
Դրական եզրակացություն են ստացել պատմության և մշակույթի այնպիսի կարևորագույն հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր, որոնցից են Սևանի վանքը (9-20-րդ դդ.), Վանեվանքը (10-14-րդ դդ.), «Սև բերդ» (19-րդ դ.) ամրոցը, Զորաց քարեր բնակատեղին (մ.թ.ա. 3 հազ. վերջ-1 հազ. 2-րդ կես) և այլն:
Ըստ սահմանված կարգի՝ նշված գոտիների նախագծերը կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը: