Մոսկվան իրեն իրավունք կվերապահի դուրս գալ պարենային գործարքից, եթե Կիևը խախտի երաշխիքները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը . Արխիվային լուսանկար
ՌԴ նախագահը նշել է, որ նույնիսկ «հացահատիկի գործարքից» Մոսկվայի դուրս գալու դեպքում Ռուսաստանը պատրաստ է հացահատիկ մատակարարել աղքատ երկրներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարությունը հանձնարարականներ է տվել վերսկսել մասնակցությունը պարենային գործարքին, սակայն Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում դուրս գալ դրանից, եթե Կիևը խախտի երաշխիքները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու իր և Թուրքիայի ու ՌԴ-ի պաշտպանության նախարարների բանակցություններից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել «պարենային միջանցքի» աշխատանքը:
Ընդ որում, ՌԴ նախագահը նշել էր, որ նույնիսկ «հացահատիկի գործարքից» Մոսկվայի դուրս գալու դեպքում Ռուսաստանը պատրաստ է հացահատիկ մատակարարել ամենաաղքատ երկրներին։
Բացի այդ, Ռուսաստանը չի խոչընդոտի Ուկրաինայից Թուրքիա հացահատիկի հետագա մատակարարումը՝ կապված Թուրքիայի չեզոքության և հացահատիկի վերամշակման արդյունաբերության նրա հնարավորությունների հետ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը հոկտեմբերի 30-ին հայտարարել էր Ուկրաինայի նավահանգիստներից արտադրանքի արտահանման դադարեցման մասին՝ Սևծովյան նավատորմի նավերի ու Սևաստոպոլի ջրատարածքում քաղաքացիական նավերի վրա Կիևի ահաբեկչական հարձակումից հետո:
Հիշեցնենք` Ստամբուլում հուլիսի 22-ին երկու փոխկապակցված փաստաթուղթ ստորագրվեց համաշխարհային շուկաներ պարենի և պարարտանյութերի մատակարարման խնդիրների լուծման վերաբերյալ:
Առաջինը` հուշագիրը, ՄԱԿ-ի պարտավորությունները համաշխարհային շուկաներ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանման տարբեր սահմանափակումները հանելու վերաբերյալ էր։ Երկրորդը հստակեցնում էր ուկրաինական հացահատիկի արտահանման մեխանիզմը սևծովյան նավահանգիստներից։