ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik, Մարիաննա Գալստյան. 2022թ.-ի հերթական մարդահամարը Հայաստանում անցել է բավական դժվարություններով։ Պատճառները մի քանիսն էին։ Օրինակ` մեթոդաբանության փոփոխությունը, մարդկանց պատրաստակամ չլինելն ու որոշ տեխնիկական խնդիրներ, որոնք, սակայն, արագ լուծվել են։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վիճակագրական կոմիտեի մարդահամարի ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։
Նշենք, որ մարդահամարը ՀՀ–ում անցկացվել է 2022 թ.-ի հոկտեմբերի 13-ից 22-ը։
«Առաջին անգամ էինք օգտագործում պլանշետներ։ Այսինքն` հաշվարարները միանգամից հարցերի պատասխանը լրացնում էին այնտեղ։ Ամբողջ տեղեկատվությունը միանգամից ընկնում էր բազա ու այլևս ներմուծելու կարիք չկար։ Երբեմն կապի խնդիր էր լինում, բայց դա արագ լուծվում էր»,– ասաց Կույումջյանը։
Հաջորդ խոչընդոտն այն էր, որ որոշ բնակիչներ պարզապես դուռը չէին բացում հաշվարարի առաջ։ Ոմանք չէին վստահում, ոմանք հրաժարվում էին հարցերին պատասխանել։ Հետաքրքրվեցինք` արդյո՞ք հնարավոր է հրաժարվածների թիվն այնքան մեծ լինի, որ ազդի մարդահամարի տվյալների ճշգրտության վրա։
«Այս պահի դրությամբ դեռ չենք ամփոփել, դեռ ճշգրտումներ ենք իրականացնում, ստացված ամփոփագրերի հիման վրա մենք կվերլուծենք իրավիճակը` հասկանալու համար, թե ինչ պատճառով են դռները փակ եղել ։ Չեմ կարծում` քանակն այնքան մեծ լինի, որ արդյունքները չեղյալ հայտարարվեն»,– ասաց տիկին Կույումջյանը։
2011 թ-ի մարդահամարի ժամանակ հաշվարարներն այցելում էին հանրապետության բոլոր հասցեներ, այս անգամ մեթոդաբանությունը փոխվել է` առաջին անգամ անցկացվել է համակցական մեթոդով։ Հարցումներին մասնակցել են բնակչության պետական ռեգիստրում գրանցված ամեն 4-րդ հասցեի բնակիչները։ Սա նշանակում է` Հայաստանի բոլոր հասցեների 25 տոկոսը։ Տիկին Կույումջյանը վստահեցնում է, որ սա բավարար է պատկերը հստակ ստանալու համար։
«Քանի որ մեր երկրում հասցեների ռեգիստր դեռ չկա, մենք օգտագործել ենք բնակչության պետական ռեգիստրում անձանց հասցեների տեղեկատվական բազան։ Միավորել ենք նույնատիպ հասցեները, այսպիսով ստացել ենք նոր ցուցակ, որտեղից էլ այցելության համար առանձնացվել է յուրաքանչյուր 4-րդ հասցեն»,– ասաց նա։
Մարդահամարի ժամանակ շատ է հնչել հարց. «Ինչո՞ւ եք հենց մեր տուն եկել»։
Կարինե Կույումջյանը վստահեցնում է` ոչ մի հատուկ ընտրված հասցե չի եղել, ընտրությունը տեղի է ունեցել պատահականության սկզբունքով։
Ինչ վերաբերում է Հայաստանում ժամանակավոր բնակություն հաստատած օտարերկրյա քաղաքացիներին, ապա նշենք, որ նրանք նույնպես մասնակցել են մարդահամարին, եթե ընտրված հասցեներում, այդ պահին, նրանք փաստացի բնակվել են։
«Մարդահամարը միայն բնակչության թվաքանակի ստացման համար չէ, այն իր մեջ ներառում է նաև շատ ուրիշ կոմպոնենտներ։ Մարդահամարն այն սկզբնաղբյուրն է, որի հիման վրա տարբեր ոլորտների` սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական և այլ, ռազմավարություններ են մշակում։ Հենց դրա համար հարցաշարում տարաբնույթ հարցեր կան` կրթական մակարդակի, ամուսնական կարգավիճակի, զբաղվածության, ազգության, լեզուների իմացության, բնակարանային պայմանների ու անգամ բնակիչների առողջական խնդիրների մասին»,– նշում է նա։
2022 թվականի մարդահամարի նախնական արդյունքները պատրաստ կլինեն 2023 թվականի առաջին եռամսյակում, իսկ վերջնական տվյալները` 2023-թ.-ի վերջին։
Հիշեցնենք, որ վերջին անգամ Հայաստանում մարդահամար անցկացել է 2011թ-ին, ըստ որի մեր երկրում մշտական բնակչության թիվը մոտ 3 մլն 18 հազար 900 է, փաստացի բնակվողների թիվը` 2մլն 871 հազար 800։
Այս մարդահամարը պետք է անցկացվեր դեռ նախորդ տարի, սակայն կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ գործընթացը հետաձգվեց: Բյուջեով դրա համար նախատեսված 936.6 մլն դրամը փոխանցվել էր ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ: