Խոզի գրիպը կրկին Հայաստանում է. ինչ խորհուրդներ է տալիս առողջապահության նախարարությունը

Առողջապահության նախարարությունը հորդորում է պատվաստվել, հանգնվել եղանակին համահունչ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում հաստատվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի (խոզի գրիպ) վիրուսի հարուցիչ։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության հետագա բարդություններից խուսափելու լավագույն միջոցը, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հավաստմամաբ, պատվաստումն է։
«Հանրապետության բոլոր պոլիկլինիկաները/ամբուլատորիաները և շարժական պատվաստումային կետն ապահովված են սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութով, և բոլոր նրանք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, անկախ հաշվառման վայրից կարող են դիմել և պատվաստվել»,- հիշեցնում են կենտրոնից:
Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է.
Պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ,
Խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
Եթե հիվանդ եք, մնացե´ք տանը,
Եթե հիվանդ եք, հրավիրե՛ք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
Մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
Հագնվե´ք եղանակին համահունչ,
Պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
Օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
Հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
Հետևե´ք անձնական հիգիենային։
Նշենք, որ Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվացմանը զուգահեռ հոկտեմբեր ամսից սկսվել է գրիպի դեմ պատվաստման գործընթացը։