Իրադրության շատ կարևոր փոփոխություն կա․ Փաշինյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին

Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը
ՀՀ վարչապետի խոսքով՝ օգոստոս-հոկտեմբերին Թուրքիայի հետ հարաբերություններում ունեցած կոմունիկացիոն բարդույթներն ու բարդությունները հաղթահարված են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում այն, որ այս տարի և՛ հեռախոսազրույց, և՛ հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նա այդ մասին հայտարարեց Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
«Սա չափազանց կարևոր է։ Եթե դուք հարցնեք` իրադրության որևէ փոփոխություն ունենք, թե ոչ, ես կարծում եմ, որ ունենք իրադրության մի շատ կարևոր փոփոխություն , որն ինքնին խորը, գործնական և առարկայական արդյունք չէ, բայց ես, վերլուծելով իրավիճակը, հասկացա, որ օգոստոս-հոկտեմբեր ամիսներին Թուրքիայի հետ հարաբերություններում ունեցած կոմունիկացիոն բարդույթներն ու բարդությունները հաղթահարված են»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ դա կարող է թույլ և ոչ էական բան թվալ, բայց նախկինում եղել է մի հարց` հանդիպե՞լ, թե՞ չհանդիպել, խոսե՞լ, թե՞ չխոսել։ Ըստ Փաշինյանի՝ այսօր այդ բարդությունը վերացված է ոչ միայն կառավարության մակարդակով, այլև հանրության։
Փաշինյանն ընդգծեց, որ խաղաղության օրակարգի իրագործման աշխատանքները շարունակելու են։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Քառակողմ հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: