Հայկական ավիացիան վերածնվում է․ Փաշինյանը հաճելի արձանագրում է արել «Զվարթնոցում»

Նիկոլ Փաշինյան
ՀՀ կառավարության ղեկավարը հայտարարեց, որ ոչ ճշգրիտ վիճակագրության համաձայն` Հայաստանի չվերթերի մոտավորապես 30 տոկոսը իրականացնում են հայաստանյան ծագում ունեցող ավիաընկերությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությանը 2018 թվականից հետո հաջողվել է աշխուժություն մտցնել ավիացիոն փոխադրումների ոլորտում։ Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2018 թվականին մենք խոստացել էինք, որ պայմաններ կստեղծենք հայկական ավիացիայի վերածննդի համար և դա մեզ հաջողվել է։ Սա Հայաստանի համար քաղաքական և տնտեսական մեծ նշանակություն ունի»,- ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ այն, որ ավիացիոն փոխադրումները նկատելիորեն ակտիվացել են առաջին հերթին հայկական ավիաընկերությունների ստեղծման շնորհիվ, բազմիցս համոզվել է արտասահմանյան այցեր կատարելիս։
«Վերջին օրերին անընդհատ այցեր եմ ունեցել օտար երկրներ, և այդ վերածնունդը տեսանելի է։ Ես հիշում եմ` 2018-19 թվականներին, երբ վայրէջք էի կատարում «Զվարթնոց» օդանավակայան , հանդիպում էի բացարձակ դատարկության, երբ գեթ մեկ օդանավ չկար , եղածներն էլ, եթե հատուկենտ պատահում էին, օտարերկրյա օդանավեր էին։ Այժմ ես հաճույքով եմ արձանագրում, որ և՛ Հայաստանից մեկնելիս, և՛ վերադառնալիս հայկական օդանավերի առկայությունը օդանավակայանում գնալով աճում է»,- ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց` հաճախ է հարց առաջանում, թե կառավարությունն ինչ դեր է ունեցել այս հարցում։ Ըստ Փաշինյանի` այն պահից, երբ կառավարությունը հայտարարեց մասնավոր ներդրողի հետ համատեղ ներդրմամբ ավիաընկերություն ստեղծելու մտադրություն մասին, մասնավոր դաշտում դա հետաքրքրություն առաջացրեց, որն էլ բերեց ավիացիոն ոլորտում մասնավոր ներդրումների։
Հայաստանի տնտեսությունը բում է ապրում. Նիկոլ Փաշինյան
«Պետք է ուրախությամբ արձանագրել, որ այսօր մենք աշխուժություն ենք տեսնում ավիացիոն փոխադրումների ոլորտում, և հաճույքով եմ արձանագրում, որ ոչ ճշգրիտ վիճակագրությամբ` չվերթերի մոտավորապես 30 տոկոսը իրականացնում են հայաստանյան ծագում ունեցող ավիաընկերությունները»,- ասաց նա։
Փաշինյանը հավելեց, որ ավիացիայի ոլորտում խնդիրներ էլ կան` «սև ցուցակ» և այլն, բայց վստահ է, որ այդ խնդիրները ինստիտուցիոնալ կերպով կհաղթահարեն։
Հայաստանում աշխատատեղերի զգալի աճը պայմանավորված է ժամանածների գործունեությամբ. Քթոյան