ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը հայտարարել է հորդանանյան ընկերության հետ զենքի մատակարարման պայմանագրի դադարեցման մասին։ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի ստորագրած համապատասխան նամակը տեղադրված է ՀՀ ֆինանսների նախարարության կայքում:
Փաստաթղթից դատելով՝ պաշտպանության նախարարության և Jadara Equipment & Defence Systems Co ընկերության միջև համաձայնագիրը ստորագրվել է 2021 թվականի օգոստոսի 6-ին, և նույն տարվա ընթացքում ընկերությունը պետք է կատարեր պատվերը։ Հաշվի առնելով համաձայնագրի պահանջների խախտումը՝ ՊՆ-ն հոկտեմբերի 10-ին միակողմանիորեն խզել է պայմանագիրը։ Բացի այդ, հորդանանյան ընկերությունը պարտավոր է այդ ծանուցումը ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում վճարել 23 մլն դրամի (շուրջ 57,5 հազար դոլար) տուգանք:
Թե կոնկրետ ինչ է պատվիրել ՊՆ-ն` չի նշվում, սակայն հայտնի է, որ ընկերությունն արտադրում է Nashab հակատանկային նռնականետեր, որոնք ստեղծվել են ռուսական RPG-32-ի հիման վրա։ Jadara –ի մեկ այլ արտադրանք է Terminator FM հակատանկային հրթիռային համալիրը, որը ստեղծվել է ուկրաինական «Корсара»-ի հիման վրա: 2022 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ հորդանանյան կողմը Ադրբեջանի հետ համագործակցության համաձայնագիր է ստորագրել։ Չի բացառվում, որ այդ հանգամանքը կարող էր Հայաստանի հետ գործարքի խափանման պատճառ դառնալ։