Հայաստանյան ֆենոմեն. տնտեսության «աննախադեպ» աճն ուղեկցվում է աննախադեպ աղքատացմամբ

Sputnik
​Եկեք անկեղծ լինենք։ Պատմությունն, իրոք, կրկնվում է։ Անցած դարի 80-ական թվականներին, երբ սկսեցին դատարկվել պարենային խանութների դարակները, Reuters գործակալության թղթակիցը Մոսկվայից հաղորդեց. «Ելույթ ունենալով կուսակցության հերթական համագումարում` գլխավոր քարտուղարը հայտնեց, որ արդյունաբերության աճը կազմել է 20 տոկոս, հացահատիկի բերքն ավելացել է 25 տոկոսով, շաքարի ճակնդեղինը՝ 35 տոկոսով»։
Առաջ՝ դեպի անցյալ. գիտության զարգացումը նպաստեց «քոչվորների» վերադարձին
Եվ այս հաղորդագրության վերջում կար ընդամենը մեկ կարճ նախադասություն. «Այսօր շաքարն ու ալյուրը մոսկվացիներին վաճառում էին մեկ կիլոգրամից ոչ ավելի»։​
Մեկ-մեկ այնքան եմ ուզում Reuters–ի թղթակցի օրինակով կազմել մի կարճ հաղորդագրություն. «Այսօր Հայաստանի կառավարության նիստում վարչապետը հայտնեց, որ երկրում գրանցվել է աննախադեպ տնտեսական աճ, միևնույն ժամանակ, ըստ Համաշխարհային բանկի, աղքատության ցուցանիշը հանրապետությունում անցել է 40 տոկոսից»։
Համաձայնե′ք՝ տարիները գլորվում են, Սովետի ժամանակներն ավելի ու ավելի են հեռանում, սակայն Սովետի իրականությունն, ընդհակառակը, կարծես թե շարունակ մոտենում ու մոտենում է։ Վարդագույն թվեր՝ կառավարությունում, զարմանք՝ չքավոր ընտանիքներում. եթե ամեն ինչ այսքան լավ է, ապա ինչո՞ւ է ամեն ինչ այսքան վատ։​
Իսկապես անհասկանալի է։ 5 տարի առաջ՝ 2018 թվականին, երբ այսպես կոչված «նախկինները» իշխանությունը հանձնեցին նորերին, աղքատության մակարդակը կազմում էր 23,5 տոկոս, և այդ ցուցանիշը նվազում էր։ Նորերը հայտարարեցին, որ էլի են իջեցնելու այդ թիվը, սակայն իրականությունն այն է, որ հիմա այդ 23 տոկոսն աճել է մինչև 40։ Այո′, չպետք է մոռանանք, որ այդ ընթացքում սկսվեց կորոնավիրուսի համավարակը, հետո էլ պատերազմը՝ իր բոլոր ահավոր հետևանքներով, ինչպես նաև աճեցին սննդամթերքի գները ողջ աշխարհում։
Բայց էդ դեպքում պիտի խոստովանենք նաև, որ այժմվա «աննախադեպ» ցուցանիշները տնտեսության զարգացման բնագավառում նույնպես մեծապես պայմանավորված են արտաքին գործոններով։ Տարբեր գնահատականներով` այս տարվա առաջին կեսին Հայաստան են ժամանել ավելի քան 100 հազար ռուսաստանցիներ, որոնք հարյուրավոր նոր ձեռնարկություններ են հիմնել և տներ գնել։ Էապես ավելացել է նաև արտասահմանից ուղարկած գումարների ծավալը։
Եվ, վերջապես, զգալիորեն ամրապնդվել է մեր հարազատ դրամը, ինչը, իհարկե, այնքան էլ դրական ազդեցություն չի ունեցել որոշ ոլորտների վրա, բայց թույլ է տվել թեթևացնել պետական պարտքը։ Այսինքն` ինչպես նշում են բազմաթիվ մասնագետներ, Հայաստանի կառավարությունն իրականում այնքան էլ մեծ մասնակցություն չի բերել տնտեսական «աննախադեպ» աճն ապահովելու գործում։
Սոցհարցումների հայաստանյան պարադոքսը. ի՞նչ են ուզում ընտրողները
Իհարկե, կարող եք հակադարձել, որ սա կողմնակալ կարծիք է։ Բայց, ախր, Վրաստանում, որտեղ նույն բարենպաստ գործոններն են խաղում իրենց դերը, նույնպես շարունակ խոսում են «աննախադեպ» ցուցանիշների մասին։ Լսեք վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին.
«Ներկայիս աշխարհաքաղաքական մարտահրավերների և լարվածության պայմաններում մեր երկրում պահպանվում է շատ բարձր աճ՝ ինն ամսում 10 տոկոսից ավելի։ Սա աննախադեպ է ամբողջ Եվրոպայի համար»,- ասել է Ղարիբաշվիլին: Նրա վկայությամբ` արտահանումը Վրաստանից աճել է 40 տոկոսով, իսկ եկամուտը հասել է 4 միլիարդ դոլարի: Բայց երևի ռացիոնալ հատիկ կա Սովետի ժամանակ աշխուժորեն շրջանառվող լեգենդում, ըստ որի` Հայոս ու Քարթլոս եղբայրները շատ նման են միմյանց։ Այո′, Հայոսի նման` Քարթլոսն էլ ոչինչ չի ասում այն մասին, որ «աննախադեպ» ցուցանիշները արտաքին գործոններով են պայմանավորված։
Իհարկե կարող եք հարցնել՝ իսկ ի՞նչ նշանակություն ունի, թե որ գործոններով է պայմանավորված տնտեսական «աննախադեպ» աճը։ Սկզբունքորեն` այո′, տարբերություն չկա, բայց բոլորս էլ հիշում ենք 2000-ականների առաջին կեսի երկնիշ աճը, որն ի վերջո այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը «շինարարական փուչիկ» անվանեց։ Իրականում հասարակ քաղաքացիներիս համար մեծ նշանակություն էլ չունի, թե երկրի ղեկավարներն իրար ինչ որակումներ են տալիս։ Կյանքս լավացե՞լ է, այդքանն ինձ համար լրիվ բավարար է։ Բայց, ախր, չի լավացել։
Բացատրություններից մեկն այսպիսին է. ողջ աշխարհում է էդպես՝ հարուստներն ավելի հարուստ են դառնում, աղքատներն ավելի աղքատ։ Այսինքն` այդ «աննախադեպ» տոկոսներն ի վերջո հանգրվանում են բնակչության, ասենք, 5 կամ 7 տոկոսի գրպաններում։
Մյուս բացատրությունն էլ այն է, որ մեզ պարզապես թյուրիմացության մեջ են գցում, ինչպես Սովետի օրոք, երբ պաշտոնական զեկույցներում կովերի կաթնատվությունն աճում էր 50 տոկոսով, իսկ հավերի ձվատվությունը՝ 65 տոկոսով, բայց ողջ գիշեր պիտի հերթապահեիր խանութի դռան մոտ` 200 գրամ կարագ գնելու համար։ Բոլոր դեպքերում մի′ մոռացեք ամերիկացի կատակերգու դերասան Գաուչո Մարքսի խոստովանությունը. «Ես սկսեցի զրոյից և իմ համառ ու նպատակասլաց աշխատանքի շնորհիվ կարողացա կտրուկ փոխել իրավիճակը՝ հասա ծայրաստիճան աղքատության»։
Եվրոպայի առաջնահերթությունները. ի՞նչ դեմոկրատիայի մասին է խոսքը, եթե կա գազի խնդիր