ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. «FlyOne Armenia»-ն առաջիկայում կսկսի Երևան-Բեյրութ-Երևան չվերթեր իրականացնել։ Տեղեկությունը հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
«Երկար դադարից հետո առաջին չվերթը կիրականանա 2022 թվականի դեկտեմբերի 14-ին։ «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից «Fly One Armenia»-ն կիրականացնի չվերթեր դեպի Բեյրութի Ռ․ Հարիրիի անվան միջազգային օդանավակայան»,– ասված է հաղորդագրությունում։
Չվերթերը լինելու են շաբաթական 2 անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին։
Նշենք, որ «FlyOne Armenia»-ն հիմնադրվել է 2021 թվականին։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ավիաընկերությանը տրամադրել է օդանավ շահագործողի վկայական: «FlyOne Armenia»-ն թռիչքներ է իրականացնում մի շարք ուղղություններով` Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Միներալնիե Վոդի, Փարիզ, Լիոն, Քիշնև, Թբիլիսի և Ստամբուլ: Ընկերության ավիապարկը բաղկացած է Airbus A320 և A319 ինքնաթիռներից։