Էրիկ Ալեքսանյանի հեռախոսի առգրավման փաստով ՓՊ նախագահը դիմել է գլխավոր դատախազին

Փաստաբանների պալատը հիշեցնում է, որ գործող օրենսդրությունն արգելում է առգրավել կամ վերցնել փաստաբանի մոտ գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և կրիչները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ փաստաբանների պալատի նախագահն այսօր դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ կանխելու նախաքննական մարմնի կողմից փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հեռախոսի պարունակությունը հասանելի դարձնող դատավարական ցանկացած գործողություն և պարտավորեցնելու վերադարձնել հեռախոսը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՓՊ մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանը։
Փաստաբանների պալատին Ալեքսանյանի պաշտպանները հայտնել են, որ նախաքննական մարմինը առգրավել է նրա հեռախոսը, որը, որպես էլեկտրոնային կրիչ, պարունակում է փաստաբանի վստահորդներին առնչվող փաստաբանական գաղտնիք: Նաև նշել են, որ վարույթն իրականացնող մարմինը պատրաստվում է «փաստաբանական գաղտնիքի երաշխիքների պահպանմամբ», հեռախոսի հետ կապված կատարել վարութային և ապացուցողական այլ գործողություններ, այդ թվում՝ բջջային հեռախոսի թվային խուզարկություն, դրա արդյունքների զննում և այլն:
Փաստաբանների պալատը հիշեցնում է, որ գործող օրենսդրությունն արգելում է առգրավել կամ վերցնել փաստաբանի մոտ գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և կրիչները: Դրանք անձեռնմխելի են, չեն կարող օգտագործվել քրեական վարույթի շրջանակներում և գտնվում են օրենքի խիստ պաշտպանության ներքո:
ՓՊ նախագահը ՀՀ գլխավոր դատախազից հայցել է միջոցներ ձեռնարկել նմանատիպ դեպքերը բացառելու և այդ առումով հավելյալ երաշխիքներ ապահովելու ուղղությամբ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 19–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, բավարարեց Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու` ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Նույն գործով անցնում է նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որը նույնպես նույն օրը կալանավորվեց։
Արուսյակ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ նրան աջակցելու համար:
Չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը. Էրիկ Ալեքսանյանի շահերի պաշտպան