Երևանի քաղաքապետարանում ՊՎԾ ուսումնասիրության արդյունքով 14 քրգործ է հարուցվել. Պետրոսյան

Ռոմանոս Պետրոսյանը. Արխիվային լուսանկար
ՊՎԾ պետը նշեց, որ Երևանի քաղաքապետարանի դեմ հարուցված քրգործերն առնչվում են 2011-2022 թվականն ընկած ժամանակահատվածում արված գործողություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանում ՊՎԾ ուսումնասիրության արդյունքներով 14 քրգործ է հարուցվել։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։
«Երևանի քաղաքապետարանում ուսումնասիրությունները մեկնարկել էին տարեսկզբին և մայիսի 31-ին արդյունքները ներկայացվել են ՀՀ վարչապետին, ինչպես նաև դատախազությանը։ Հարուցված քրգործերը հիմնականում վերաբերում են պետբյուջեից դոտացիաների տրամադրման, գույքահարկի, հողի հարկի, սեփական եկամուտների հաշվով սխալ հաշվարկների, եկամուտների չգանձման փաստերի մասին է։ Կան նաև քաղաքաշինության ոլորտին առնչվող քրգործեր»,–ասաց Պետրոսյանը։
Նրա խոսքով` հարուցված քրգործերն առնչվում են 2011-2022 թվականն ընկած ժամանակահատվածում արված գործողություններին։ Ընթացակարգային առումով վարչության մասնագետից մինչև գերատեսչության ղեկավար կարող են ներգրավված լինեն գործընթացներում։
ՊՎԾ պետը նշեց, որ այս պահին էլ 80 վերահսկողություն է իրականացվում տարբեր մարմիններում։
Պետրոսյանը մանրամասնեց` ուսումնասիրություններ են անում պաշտպանության, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններում, մի շարք մարզպետարաններում, պետգույքի կառավարման կոմիտեում:
Ուսումնասիրություններ են իրականացվել նաև Բրյուսովի անվան համալսարանում։