ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահական համակարգում 2022թ-ի 10 ամիսների ընթացքում Պետական վերահսկողական ծառայության իրականացրած վերահսկողության արդյունքում պետբյուջե է վերադարձվել շուրջ 135 մլն դրամ։
Եվ 13 մլն դրամ էլ վերադարձվել է քաղաքացիներին` ապօրինի պահանջած վճարումների դիմաց։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտնեց ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։
«Դրանք այն քաղաքացիներն են, որոնց բուժծառայությունը պետք է տրամադրվեր բացառապես պետպատվերի շրջանակներում, սակայն որոշ բուժկենտրոններ գումարներ էին գանձել, և մեր վերահսկողության արդյունքում այդ գումարները վերադարձվել են քաղաքացիներին»,– ասաց Պետրոսյանը։
Ընդ որում` ՊՎԾ պետը նշեց, որ գումարը դեռ կարող է աճել, քանի որ տարվա ընթացքում վերահսկողություն է իրականացվել ՀՀ 10 խոշոր բուժկենտրոններից միայն 5-ում, որոնցից առայժմ ամփոփվել են 2-ի արդյունքները։
«Քաղաքացիներին վերադարձի ենթակա գումարն իրականում մի քանի տասնյակ միլիոնների է հասնում։ Պարզապես որոշ ԲԿ–ների մասով ուսումնասիրությունները դեռևս ամփոփված չեն»,– ասաց Պետրոսյանը։
Մնացածի արդյունքները կամփոփվեն մինչև փետրվարի վերջը։