ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Ցեմենտի տեղական արտադրողներին տրված արտոնություններն արդյունք չեն տվել։ Այսօր ԱԺ–ում նման եզրակացություն հնչեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ցեմենտի շուկայում ստեղծված իրավիճակին։
«Էս վերջերս ինձ համար շատ զարմանալի ձևով պարզեցի, որ այն ընկերությունը կամ ընկերությունների մի մասը, որոնց մենք ժամանակին օգնել ենք, հնարավորություն ենք տվել, արտոնություններ ենք ստեղծել, որպեսզի իրենք ապրեն, զարգանան, ցեմենտի դեֆիցիտի շրջանում շարունակել են ապրել իրենց սովորական կյանքով և ակնկալում են, որ կառավարությունն էլի իրենց պետք է օգնի»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց, որ այսուհետ կառավարությունը պետք է ավելի ուշադիր լինի արտոնությունների ու աջակցության հարցում։
«Մենք չպետք է տնտեսության մեջ պալիատիվ քաղաքականություն վարենք, որը միայն վնաս է բերում։ Այսինքն` մենք օգնենք ընկերություններին, որպեսզի իրենք ուղղակի գործի գնան, գան և տնտեսությանն անհրաժեշտ արդյունք չապահովեն, դա իմ կարծիքով` մի քաղաքականություն է, որից մենք պետք է հրաժարվենք»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` երեկ ԱԺ–ում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը հայտնել էր, որ հանձնաժողովն ուսումնասիրում է շուկան` պարզելու արդյոք ցեմենտի դեֆիցիտն արհեստական է ստեղծվել, թե բնական երևույթ է։ Հանձնաժողովի վերջնական դիրքորոշումը կհրապարակվի առաջիկա 10 օրվա ընթացքում։
Նշենք, որ մինչ այդ շուրջ 1 ամիս կառավարությունն ահազանգում էր ցեմենտի շուկայում առաջացած դեֆիցիտի մասին, որն արդեն ազդում էր նաև պետական շինարարական ծրագրերի իրականացման ընթացքի վրա։
Դեֆիցիտի ու ներկրվող ցեմենտի բարձր տուրքի հետևանքով 50 կգ–անոց 1 պարկ տեղական արտադրության ցեմենտի գինը շուկայում 2 900 դրամ է, իրանականը` 3 000-3 500։
Իրավիճակը շտկելու համար ԱԺ-ն հոկտեմբերի 5–ին ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգմավորներ Բաբկեն Թունյանի ու Հովիկ Աղազարյանի հեղինակած օրենսդրական նախագիծը, որով ցեմենտի ներկրման տուրքը գործող 14 000 դրամից դարձավ 2 հազար դրամ։ Իրանական ցեմենտն այսուհետ Հայաստան կներկրվի 1 տոննայի դիմաց 2000 դրամ պետական տուրքով, իսկ ցեմենտի հումքը` կլինկերը` առանց տուրքի։
Նշենք, որ ՀՀ ներկրվող ցեմենտի դիմաց տուրքը սահմանվել էր 2019թ–ին` տեղական արտադրողներին պաշտպանելու նպատակով։ 2021 թվականի մայիսից նույն հիմնավորմամբ պետտուրք սահմանվեց նաև ցեմենտի հումքի` կլինկերի ներկրման համար` 1 տոննայի դիմաց 2 000 դրամ։