ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն ակնկալում է 2023 թվականի կեսերին Ուկրաինային Vampire անօդաչու թռչող սարքերին հակազդման համակարգեր տրամադրել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը լրագրողներին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը։
«Ինչ վերաբերում է VAMPIRE-ին, մենք ակնկալում ենք պայմանագիր կնքել առաջիկա մի քանի ամիսների ընթացքում։ Մենք ակնկալում ենք, որ այդ համակարգերի փոխանցումը տեղի կունենա 2023 թվականի կեսերին», - պարզաբանել է նա։
Ռայդերը նշել է, որ Կիևին հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելու հարցը շարունակում է առաջնային մնալ ամերիկյան վարչակազմի համար։
«Դա այն է, ինչի վրա մենք կենտրոնացած ենք և կշարունակենք հնարավորինս արագ աշխատել դրա վրա», - ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին նոտա էր հղել Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պատճառով։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի կողմից։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը։