Զբոսաշրջային ընկերությունները ստիպված են եղել մերժել ՀՀ այցելել ցանկացողներին. Քերոբյան

Էկոնոմիկայի նախարարի խոսքով` 2022թ–ի հուլիս–օգոստոսին Հայաստանի հյուրանոցներում ազատ տեղեր չեն մնացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբեր – Sputnik. 2022թ–ի հուլիս–օգոստոսին Հայաստանի հյուրանոցային ամբողջ կարողությունները զբաղված են եղել։ Հայաստանի տնտեսության արտադրողականությունը բավական ցածր է։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` ներկայացնելով Հայաստանում զբոսաշրջության ոլորտի վիճակն ու զարգացման հնարավորությունները։
Նախարարի խոսքով` հատկապես լեցուն են եղել Երևանի ու Գյումրու հյուրանոցներն ու հյուրատները։
«Նույնիսկ այլ երկրների բոսաշրջային ընկերությունները մեզ ասել են, որ ստիպված են եղել մերժել Հայաստան այցելությունների հայտերը կամ Հայաստան տոմսեր վաճառել, որովհետև չեն կարողացել տեղավորել»,– ասաց Քերոբյանը։
Հայաստանի զբոսաշրջության առանձնահատկությունը, ըստ Էկոնոմիկայի նախարարի, ընդգծված սեզոնայնությունն է։ Հուլիս–օգոստոսն ամենապահանջված ամիսներն են, նոյեմբեր–ապրիլ ժամանակահատվածում ամենացածր ցուցանիշն է այս առումով։
Էկոնոմիկայի նախարարությունը խնդրի երկու հիմնական լուծում է առաջարկում` ավելացնել հյուրանոցային կարողությունները` ամառային հոսքն ապահովելու համար և զարգացնել ձմեռային սեզոնի զբոսաշրջային ծրագրերը։
Ամեն անգամ թշնամու ագրեսիայից չի կարող մեր կյանքը կանգնել. Պօղոսեանը` զբոսաշրջության մասին
Քերոբյանը նշեց, որ կառավարությունն այժմ մի շարք սուբսիդիոն ծագրեր է իրականացնում հյուրատների, վարձով տրվող բնակարանների վերանորոգման, էներգախնայողականության բարձրացման ուղղությամբ։ Նախարարը հույս հայտնեց, որ այս ծրագիրը հատկապես կհետաքրքրի գյուղերում մեծ տներ ունեցողներին։
Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` վերջին տարիներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների միջին թիվը կազմել է տարեկան 1.5 մլն մարդ։ Կառավարության գործունեության ծրագրով 2026թ–ին նախատեսվում է այդ թիվը հասցնել 2.5 մլն–ի։
Սահմանային սրացում. էկոնոմիկայի նախարարությունը դեռ չգիտի` որքան զբոսաշրջիկ է կորցրել ՀՀ–ն
2023թ–ի պետական բյուջեի նախագծով զբոսաշրջության ոլորտի զարգացմանը տրամադրվել է 7,66 մլրդ դրամ։Դրա մեկ տոկոսը կհատկացվի գովազդային ու իրազեկման ծրագրերին։