Պետք է կրակոցների միջավայրում կարողանանք զարգացնել մեր տնտեսությունը. էկոնոմիկայի նախարար

Էկոնոմիկայի նախարարը հիշեցրեց կրակոցի օրինակը։ Նրա խոսքով` կրակոցը նորմալ բան է անգամ Իսրայելում, որտեղ տնտեսությունը զարգանում է շատ բարձր տեմպերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Մենք պետք է սովորենք ապրել նոր միջավայրում։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նման խորհուրդ տվեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` խոսելով ՀՀ սահմանների վրա ադրբեջանական պարբերաբար կրկնվող հարձակումների մասին։
«Հիմա մենք պետք է ապրենք` հաշվի առնելով այս նոր նորմալ իրավիճակը։ Իհարկե, կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որ անվտանգային իրավիճակն օր օրի բարելավվի, բայց պետք է նաև հաշվի առնենք, որ մենք հիմա ապրում ենք նոր նորմալ միջավայրում, որտեղ կարող է ամեն ինչ լինել»,–ասաց Քերոբյանը։
Նրա խոսքով` այսօր սահմանին ամենօրյա կրակոցը սովորական երևույթ է դարձել։
«Կրակոցը նորմալ բան է անգամ Իսրայելում, որտեղ տնտեսությունը զարգանում է շատ բարձր տեմպերով։ Եվ, եթե այդ կրակոցը պիտի չլինի մեր երկրի սուվերենության հաշվին, ապա մենք պետք է այնպես անենք, որ կրակոցների միջավայրում կարողանանք զարգացնել մեր տնտեսությունը և օրեցօր դարձնենք մեր երկիրն ավելի ապահով»,– ասաց նախարարը։
Լրագրողների անհամաձայնություններին ի պատասխան Վահան Քերոբյանը նշեց, որ ցավակցում է բոլոր զոհերի հարազատներին ու չբացառեց, որ վաղը ինքը կարող է լինել զոհը։
«Վաղը ես կարող է լինեմ այդ զոհը, ու ես պատրաստ եմ դրան»,– հայտարարեց էկոնոմիկայի նախարարը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 17 գերիների։