ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 13 բնակելի տների շինարարությունը կավարտվի մինչև տարեվերջ։ Այս մասին ԱԺ–ում հայտնեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։
«Որոշակի մտավախություն ունենք, որ բարեկարգման աշխատանքները չկարողանանք ավարտել, ու տեղափոխվի հաջորդ տարի, բայց տների խնդիրն այս տարի կլուծենք»,– ասաց Ղուլարյանը։
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը հայտնեց, որ ծրագրի ժամկետները որոշ ժամանակով ուշացել են, քանի որ շինարարության ընթացքում ծագած խնդիրների հետևանքով աշխատանքները մի քանի ամիս դադարեցված են եղել։ Բայց վստահեցրեց, որ այս պահին շինարարությունը վերսկսվել է ու ընթացքի մեջ է։
Շինաշխատանքների ժամանակավոր դադարի մասին Ղուլարյանը չխոսեց։
Հիշեցնենք, որ 2021-ի փետրվարին ՀՀ կառավարությունը նոր թաղամասի կառուցման համար 470 մլն դրամ հատկացրեց։ Այդ ժամանակ Արմեն Ղուլարյանը հայտարարեց, որ առաջին փուլում (մինչև 2021-ի ավարտը) նախատեսվում է կառուցել տներն ու գրունտային ճանապարհը և սկսել բնակեցման գործընթացը։
Երկրորդ փուլում պետք է հայտնվեին ենթակառուցվածքները (2022-ի ընթացքում), իսկ երրորդում սկսվեր գյուղատնտեսական նշանակության օբյեկտների կառուցումը։ Սակայն շուտով պարզվեց, որ տներն այդ ժամկետում շահագործման չեն հանձնվի։
2021թ. Նոյեմբերին, կրկին կառավարության նիստում, Ղուլարյանը հայտարարեց, որ 2022 թվականի առաջին կեսին բնակելի թաղամասի շինարարությունն ամբողջությամբ կավարտվի։ 2022թ առաջին կեսն արդեն անցել է, բայց տները կրկին պատրաստ չեն։
Sputnik Արմենիան օգոստոսի 12-ին անդրադարձել էր Շուռնուխում բնակարանների կառուցման թեմային` գրելով, որ ՀՀ իշխանությունը կրկին չի տեղավորվում Շուռնուխում նոր թաղամասի կառուցման իր իսկ հայտարարած ժամկետում։
Այժմ աշխատանքների կատարման վերջնաժամկետ է սահմանվել 2022-ի չորրորդ եռամսյակը։