ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Կառավարությունն անում է հնարավորը, որպեսզի Հայաստանում ալյուրի, հացի դեֆիցիտ չառաջանա։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` խոսելով պարենային անվտանգության խնդրի մասին։
«Սեպտեմբերի 12-13-ի ագրեսիան Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերում վնասեց աշնանացան ցորենի ցանքի պլանները»,– ասաց Քերոբյանը` միաժամանակ հույս հայտնելով, որ ցորենի ցանքի տվյալներն ամփոփելուց հետո պատկերը դրական կլինի։
Նախարարը նշեց, որ չնայած տարվա առաջին 9 ամիսների տվյալներով գյուղատնտեսությունը 0.7 անկում է գրանցել, բայց ինքը հուսով է, որ տարին կավարտվի դրական ցուցանիշով։
Հիշեցնենք` ՀՀ–ում ցորենի ինքնաբավության մակարդակը բարձրացնելու համար կառավարությունը 2021թ–ից բարձրորակ գարնանացան և աշնանացան ցորենի սերմերի ձեռքբերումը սուբսիդավորում է մինչև 70%-ով։
Սուբսիդավորման համար գյուղացիական տնտեսությունների հետ կնքվում են պայմանագրեր։
Այս տարի, սակայն, Ադրբեջանի հարձակման հետևանքով սուբսիդավորման ծրագրում ժամկետների հետ կապված որոշ խնդիրներ ի հայտ եկան, որոնց լուծման համար կառավարությունը հոկտեմբերի 20-ին փոփոխություն կատարեց ծրագրում` համայնքներին ու համայնքների բնակիչներին ծրագրին դիմելու, պայմանագրեր կնքելու, ցանք իրականացնելու հավելյալ ժամանակ տրամադրելով։