Ռուբինյանը Ադրբեջանի ագրեսիայի մանրամասները ներկայացրել է Եվրախորհրդարանի պատգամավորներին

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ամբողջ տարածաշրջանում կայունության հաստատումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին և մանրամասներ ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին՝ բարձրաձայնվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:
«Վտանգված է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգությունը»,- ասել է ԱԺ փոխնախագահն ու ընդգծվել նաև հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի հրամայականը:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ամբողջ տարածաշրջանում կայունության, ժողովրդավարության հաստատումը: Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանի գործընկերներին Հայաստանին աջակցելու համար:
Ռուբեն Ռուբինյան
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։