ՌԴ–ն արձանագրում է` Արցախի շուրջ բանակցային գործընթացը բավական դժվար է լինելու. քաղաքագետ

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը նշում է, որ եթե Ադրբեջանի դիրքորոշումը պարզ է, ապա Հայաստանի դիրքորոշումն առնվազն զիջողական է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբեր – Sputnik. Հայաստանի իշխանությունները զիջողական դիրքեր ունեն Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Sputnik Արմենիա մուլտիմեդիա մամուլի կենտրոնում այսօր նման հայտարարություն արեց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը։
Նշենք, որ երեկ Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ քննարկվել է նաև ռուս խաղաղապահների զորախմբի մանդատը երկարաձգելու հարցը։ Պուտինը ասել էր, որ դրա համար անհրաժեշտ է համատեղ պայմանավորվածություն, ու դա կախված կլինի խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրումից, սահմանազատումից ու սահմանագծումից։
«ՌԴ–ն մտահոգված է իր խաղաղապահ առաքելությամբ և Ռուսաստանի նախագահը չթաքցրեց, որ դա պայմանավորված է բանակցային գործընթացով»,– նշեց Հակոբյանը։
Քաղաքագետը հատկանշական է համարում, որ երեկվա հանդիպման ժամանակ Ռուսաստանի խաղաղապահների առաքելության շարունակությունը պայմանավորվեց հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի ընթացքով։

«Սա ցույց է տալիս, որ Հայաստանի դիրքերն այնքան թույլ են Արցախի հարցում, իսկ Հայաստանի իշխանություններն այնքան թույլ ու զիջողական դիրքեր ունեն Ադրբեջանի հետ հարաբերություններում, որ անգամ Ռուսաստանը կամաց–կամաց արձանագրում է, որ Արցախի շուրջ բանակցային գործընթացը բավական դժվար է լինելու»։

Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հոկտեմբերի 31-ին հանդիպել են Սոչիում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։