ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՊՊԾ նախկին աշխատակից, փոխգնդապետ Արամ Գրիգորյանի դեմ հարուցված քրեական վարույթը կարճվել է` հանցանքի բացակայության պատճառաբանությամբ։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Ընդդիմության ակցիաների ժամանակ` այս տարվա մայիսի 21-ին, քննչական մարմնի ու ոստիկանության ներկայացուցիչները խուզարկություն էին իրականացրել Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում, ապա բերման ենթարկել նրան։ Գրիգորյանը կասկածվում էր քաղաքացիներին նյութապես շահագրգռելու միջոցով հավաքներին մասնակցելուն դրդելու մեջ։
«Արձանագրենք, որ ինչպես և սպասվում էր, պայթեց քաղաքական նպատակներով սանձազերծված հետապնդման տեսք ունեցող հերթական փուչիկը»,–գրել է Վարոսյանը։
Հիշեցնենք, որ Արամ Գրիգորյանը եղել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի օգնականը։