ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Քրեական գործերով մինչդատական վարույթի փուլում պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման նպատակով վճարումները պետք է կատարվեն մեկ միասնական գանձապետական հաշվեհամարին: Նման հայտարարություն է արել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին հանդիպման ժամանակ: տեղեկությունը հրապարակվել է դատախազության կայքում։
«Հարցը շատ կարևոր է. բոլորս պետք է շահագրգռված լինենք, որ օր առաջ ստեղծենք միասնական հաշիվ, որպեսզի, ինչպես ՀՀ վարչապետն է բազմիցս նշել, ամեն տարի ունենանք պետությանը պատճառված վնասի վերականգնման հանրագումար, այն արտացոլվի նաև պետական բյուջեի եկամուտների մեջ»,- ընդգծել է Վարդապետյանը:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իրավասու մարմիններում քննվող քրեական վարույթներով պետությանը կամ համայնքներին պատճառված վնասը վերականգնվում է տարբեր նախաքննական մարմինների կամ դատախազության դեպոզիտային, պետությանը պատճառված վնասի վերականգնման և ՊԵԿ միասնական հաշվեհամարներին:
Հանդիպման ընթացքում պետական մարմինների ներկայացուցիչներն անդրադարձել են պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման արդյունավետ մեխանիզմ ներդնելու, դրան զուգահեռ՝ տարիների ընթացքում տարբեր պետական մարմիններին այդ նպատակով փոխանցված գումարների գույքագրում սկսելու հարցերին։ Տրվել են նաև հանձնարարականներ, սահմանվել են ժամկետներ: