ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Տարածաշրջանի խնդիրները պետք է անպայման տարածաշրջանի երկրների պատասխանատուների միջոցով լուծումներ գտնեն: Այս մասին ասել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին պաշտոնական այցով Թեհրանում գտնվող Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։
«Օտար ուժերի ներկայությունը ոչ միայն որևէ խնդիր չի լուծում, այլ խնդիրներն ավելացնում է: Կովկասյան տարածաշրջանն Իրանի պատմական անցյալի մշակութային և քաղաքակրթության մի մասն է, և մենք շատ զգայուն ենք այդ տարածաշրջանի նկատմամբ: Տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումը շատ մեծ կարևորություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության համար»,–ասել է Ռայիսին։
Իր հերթին Փաշինյանն ասել է, որ տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցերում ՀՀ–ն և Իրանը համագործակցության շատ մեծ դաշտ են տեսնում։ «Մենք ընդգծում և գնահատում ենք Իրանի սկզբունքային դիրքորոշումները տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման առումով: Ես Ռայիսիին պատմել եմ երեկ Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքների մասին, և ներկայացրել եմ իմ տպավորությունները տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու օրակարգի և ընթացիկ գործընթացների շուրջ»:
Փաշինյանն ասել է նաև, որ խոսակցության մի հսկայական մաս տնտեսական փոխգործակցությունը զարգացնելուն է վերաբերել։ ՀՀ վարչապետի խոսքով` էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում կան կոնկրետ հեռանկարներ, որոնց շուրջ խոսակցությունը պետք է առավելագույնս կոնկրետացնել:
Նա հիշեցրել է, որ այցը կոնկրետ արդյունք ունի` ստորագրվել է «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման վերաբերյալ հուշագիր:
Հիշեցնենք, որ երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի փոխանակումը կերկարաձգվի մինչև 2030 թվականը։ Այժմ Իրանը Հայաստան է արտահանում մեկ միլիոն խորանարդ մետր գազ, ինչը կավելացվի։
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի կարճատև այցը Իրան ավարտվել է: