ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» սադրանքի պատրաստման մասին Ռուսաստանի հայտարարությունների ֆոնին ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները ստուգումներ են սկսել ուկրաինական երկու օբյեկտների գործունեությունը ուսումնասիրելու համար։ Այս մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։
«Գլխավոր տնօրեն Գրոսին ասել է, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները սկսել են և շուտով կավարտեն ստուգումներնՈւկրաինայի երկու օբյեկտներում։ Նրանք գրավոր դիմել են Ուկրաինայի կառավարությանը, որից հետո այնտեղ թիմեր և տեսուչներ են ուղարկել»,- նշված է հայտարարության մեջ:
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին այս շաբաթվա վերջին կներկայացնի ուկրաինական օբյեկտներում ստուգումների նախնական արդյունքները:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ իրենց տեղեկություններով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը շփումների մեջ է Մեծ Բրիտանիայի հետ` միջուկային տեխնոլոգիաների ձեռքբերման հարցով։ ՌԴ զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը ճեպազրույցում ասել էր, որ «կեղտոտ ռումբի» ստեղծման աշխատանքներն ավարտական փուլում են։
Նա նշել էր, որ Ուկրաինան ունի համապատասխան արտադրական բազա և գիտական ներուժ։ Ուկրաինայում կան միջուկային արդյունաբերության ձեռնարկություններ` ռադիոակտիվ նյութերի պաշարներով, որոնք կարող են օգտագործվել «կեղտոտ ռումբի» ստեղծման համար։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ավելի վաղ մտահոգություն էր հայտնել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Թուրքիայի իր գործընկերներին Կիևի կողմից «կեղտոտ ռումբի» հնարավոր կիրառման վերաբերյալ։