ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինան պետք է երաշխիքներ տրամադրի, որ Սև ծովի հումանիտար միջանցքը չի օգտագործվի ռազմական նպատակներով։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը Մոսկվայում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Սամսարի հետ հանդիպման ժամանակ։
Հոկտեմբերի 29-ի վաղ առավոտյան Կիևը հարձակվեց Սևծովյան նավատորմի և քաղաքացիական նավերի վրա, որոնք Սևաստոպոլի տեղակայման վայրի արտաքին և ներքին ուղերթեր էին իրականացնում: Ռուսաստանը հայտարարեց, որ Սևաստոպոլի ջրատարածքում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով դադարեցնում է մասնակցությունը Ուկրաինայի նավահանգիստներից ապրանքների արտահանմանը։
ՌԴ ԱԳՆ-ից նշել են, որ հանդիպման ընթացքում վերլուծվել են միջազգային հարթակներում ռուս-թուրքական համագործակցության առանցքային ուղղությունները, առաջին հերթին՝ ուկրաինական նավահանգիստներից գյուղատնտեսական արտադրանքի արտահանման «Սևծովյան նախաձեռնությունը»՝ Սևաստոպոլի նկատմամբ Կիևի վերջերս գործած ահաբեկչության համատեքստում։
«Ռուսական կողմն ընդգծել է Ուկրաինայի կողմից ռազմական նպատակներով Սև ծովում հումանիտար միջանցքը չօգտագործելու երաշխիքների տրամադրման անհրաժեշտությունը», - նշված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան կշարունակի ջանքերը պարենային անվտանգության խնդրի լուծման ուղղությամբ՝ «չնայած Ռուսաստանի տատանումներին»:
Հիշեցնենք` Ստամբուլում հուլիսի 22-ին երկու փոխկապակցված փաստաթուղթ ստորագրվեց համաշխարհային շուկաներ պարենի և պարարտանյութերի մատակարարման խնդիրների լուծման վերաբերյալ:
Առաջինը` հուշագիրը, ՄԱԿ-ի պարտավորությունները համաշխարհային շուկաներ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանման տարբեր սահմանափակումները հանելու վերաբերյալ էր։ Երկրորդը հստակեցնում էր ուկրաինական հացահատիկի արտահանման մեխանիզմը սևծովյան նավահանգիստներից։