ՀՀ նախագահն ընդունել է ԿԽՄԿ ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԿԽՄԿ ղեկավար Թիերի Ռիբոյի գլխավորած պատվիրակությանը
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ադրբեջանական կողմում անազատության մեջ պահվող անձանց ու անհետ կորածների խնդրին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Թիերի Ռիբոյի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
«Մենք միշտ բարձր ենք գնահատել մեր համագործակցությունը: Հիմա առավել ևս բարձր ենք գնահատում` հաշվի առնելով, որ դուք ներկայացված եք և՛ Երևանում, և՛ Ստեփանակերտում»,- ասել է Խաչատուրյանը:
Նա բարձր է գնահատել ԿԽՄԿ ջանքերը` ուղղված Ադրբեջանում մինչ օրս պահվող անձանց և նրանց հարազատների միջև կապի հաստատմանը, ինչպես նաև նրանց ընդհանուր առողջական վիճակի մասին տեղեկություններ ստանալուն:
Թիերի Ռիբոն ողջունել է պետական մարմինների ներկայացուցիչների կողմից Կարմիր խաչի գործունեությանը ցուցաբերվող աջակցությունն ու պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմում և դրանից հետո տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի հետևանքներով ադրբեջանական կողմում անազատության մեջ պահվող անձանց ու անհետ կորածների խնդրին:
Երկուստեք ընդգծվել է, որ հումանիտար բնույթի հարցերը չպետք քաղաքական շահարկումների առարկա դառնան:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։