Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

ՀԱՊԿ-ը աշխատում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին առաջարկների վրա․ Զաս

Ստանիսլավ Զասի խոսքով՝ համապատասխան առաջարկները կքննարկվեն Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) շարունակում է աշխատել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ առաջարկների մշակման ուղղությամբ։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, փոխանցում է Белта-ն։
«Պետությունների ղեկավարների վերջին գագաթնաժողովում, որն առցանց ռեժիմով անցկացվել է անցած շաբաթ, առաջարկներ են քննարկվել առաքելության աշխատանքի արդյունքների վերաբերյալ (նկատի ունի հայ-ադրբեջանական սահման այցելած ՀԱՊԿ առաքելությունը, – խմբ.) Զրույցն ավարտված չէ։ Այժմ այդ առաջարկները վերջնական տեսքի են բերվում: Այդ թեման դեռ կքննարկվի, այդ թվում`Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստը։ Հանդիպումից հետո կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարներին հանձնարարվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի լուծման վերաբերյալ որոշման նախագիծ պատրաստել։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 17 գերիների։