ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որի ընթացքում անդամ երկրների ղեկավարները կքննարկեն Հայաստանին օգնություն տրամադրելու հարցը, նախատեսված է անցկացնել նոյեմբերի 23-ին Երևանում։ Տեղեկությունը հրապարակվել է կազմակերպության տելեգրամյան ալիքում։
«Կայացել է Բելառուսի նախագահի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ։ Կողմերը քննարկել են կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը, այդ թվում` հոկտեմբերի 28-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանի արդյունքները։ Ստանիսլավ Զասը Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստի նախապատրաստման ընթացքի, ինչպես նաև խորհրդի մի շարք առանձին հանձնարարականների կատարման մասին»,– ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նիստը տեղի կունենա նոյեմբերի վերջին, կքննարկվի հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։