Հայաստանը զերծ է մնում սանկցիաների տակ ընկած անձանց հետ համագործակցելուց. Գալստյան

Մարտին Գալստյան
ՀՀ բանկերը, իրենց ռիսկերը հաշվի առնելով, այս կամ այն հաճախորդի հետ աշխատելու կամ չաշխատելու վերաբերյալ որոշում են կայացնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը զերծ է մնում սանկցիաների տակ հայտնված անձանց հետ համագործակցությունից։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` պատասխանելով ՌԴ–ի դեմ կիրառված պատժամիջոցների միջավայրում ՀՀ–ի բանկային համակարգի գործունեության մասին հարցին։
«Մենք ի սկզբանե ասել ենք, որ պատժամիջոցներին վերաբերվելու ենք շատ լուրջ։ Մենք հետևում ենք սանկցիաներին ու զերծ մնում այդ սանկցիաների մեջ մատնանշված կամ սանկցիաների տակ ընկած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ համագործակցությունից»,– ասաց Գալստյանը։
Նրա խոսքով` ԿԲ–ն այս հարցով հայաստանյան բանկերին ուղղորդելու քաղաքականություն չի վարում։ Բայց բանկերը, իրենց ռիսկերը հաշվի առնելով, որոշումներ են կայացնում այս կամ այն հաճախորդի հետ աշխատելու կամ չաշխատելու վերաբերյալ։
«Տնտեսությունում գերտաքացած իրավիճակ է». ԿԲ նախագահը մինչև տարեվերջ գնաճ է կանխատեսում
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 250-րդ օրը։