ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Երևանյան քոլեջներից մեկի 15–ամյա ուսանողը դանակահարել է համակուրսեցուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` դեպքը տեղի է ունեցել երեկ` հոկտեմբերի 31-ին։ Ժամը 10.50-ին ոստիկանության Նոր Նորքի բաժինը հաղորդում է ստացել, որ «նախաբազկի և գոտկային շրջանի կտրած, թափանցող վերքեր» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ, 15-ամյա պատանի: Նա հայտնել է, թե քոլեջում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ ընկել է:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ծառայությունների աշխատակիցների և Նոր Նորքի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ պատանուն վնասվածքը պատճառել է նույն քոլեջի 1-ին կուրսի ուսանող, 15-ամյա մի երևանցի:
Դանակահարող պատանին ներկայացվել է նախաքննական մարմնին:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: