Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր դեռ չկա. Պուտին

Վլադիմիր Պուտին
ՌԴ նախագահն անդրադարձել է այն հարցերին, որոնց շուրջ չի հաջողվել համաձայնության գալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր դեռ չկա։ Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Բայց, ըստ նրա, կան նախադրյալներ, որոնք ցույց են տալիս, որ Բաքվի և Երևանի միջև կարգավորման ուղի է գտնվել։
«Դեռ վաղ է խոսել այդ փաստաթղթի հիմնական բաղադրիչների մասին, քանի որ, այնուամենայնիվ, դա փոխզիջումների առարկա է, որոնք, անշուշտ, պետք է ձեռք բերեն երկու կողմերը` միջնորդությամբ, եթե երկու պայմանավորվող կողմերը ցանկանան, այդ թվում` նաև մեր երկիրը», - ասել է ՌԴ նախագահը լրագրողներին։
Ինչ վերաբերում է այն հարցերին, որոնց շուրջ չի հաջողվել համաձայնության գալ, ապա, Պուտինի խոսքով, դրանց մասին կարելի է խոսել, բայց պետք չէ։
«Որովհետև եթե դրանք մինչև հիմա կարգավորված չեն, ապա, իմ կարծիքով, պետք չէ դրանց վրա սրել մամուլի, հանրության ուշադրությունը։ Պետք է պարզապես հանգիստ, փակ ռեժիմով հասնել համաձայնության։ Սրանք շատ նուրբ բաներ են, որոնք զգայուն են երկու կողմերի համար: Եվ ես ինձ իրավունք չեմ վերապահում դրանք առանձնացնելու` առանց գործընկերների հետ համաձայնեցնելու», - ասել է Պուտինը։
Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հոկտեմբերի 31-ին հանդիպել են Սոչիում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։