ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդությունը բավարար է։ Ինչպես հայտնում է «Բելտա» գործակալությունը, նա այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանը։
«Պատերազմն ավարտվեց... Կողմերը հասկացան, որ իրենց, կոպիտ ասած, միջնորդ է պետք։ Սա նորմալ է, դասական մոտեցում։ Բնականաբար, դա Ռուսաստանն է։ Դիմեցին Ռուսաստանին, Ռուսաստանն այնտեղ հարյուրավոր մարդկանց ուղարկեց։ Հիշում ենք` ինչպես էին ինքնաթիռները մեկնում։ ՌԴ սահմանապահները, ինչպես ասաց Պուտինը, սահմանի բոլոր հատվածներում են` և Թուրքիայի, Իրանի հետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև և այլն։ Ուրիշ ի՞նչ է պետք։ Թող այդ ուղղությամբ էլ գործեն», – Մինսկում հայտարարել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահի խոսքով` իր համար անհասկանալի է` ինչու է պետք ԵՄ–ի ԵԱՀԿ–ի միջնորդական միջամտությունը։
«Իզուր չեմ ասել, որ կոնկրետ խաղ է գնում։ Հասկանում եմ` ինչ խաղ։ Ինչո՞ւ են այնտեղ ներքաշել ԵՄ–ին։ Ինչո՞ւ են ներքաշում ԵԱՀԿ–ին։ Չէ՞ որ հասկանալի է` ինչու։ Ի՞նչ են նրանք այնտեղ անելու, եթե արդեն միջնորդ կա։ Բացի այդ, նաև ՀԱՊԿ–ին է պետք ներքաշել ամենին։ Կարծես թե էլ անելիք չկա», – ասել է նա։
Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին` ընդգծելով, որ այդ հակամարտությանը պետք է վերջ դնել։
Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հոկտեմբերի 31-ին հանդիպել են Սոչիում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։