Եռակողմ հանդիպման արդյունքը լուրջ անհաջողություն էր թե՛ ՀՀ–ի, թե՛ ՌԴ–ի համար. քաղաքագետ

Վիգեն Հակոբյանը
Քաղաքագետ Վիգեն Հակոբյանն անդրադարձել է Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբեր – Sputnik. Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքը լուրջ անհաջողություն էր թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի համար։ Sputnik Արմենիա մուլտիմեդիա մամուլի կենտրոնում այս հայտարարությունն արեց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը։
Նրա կարծիքով` Ռուսաստանը երեկվա հանդիպման արդյունքում հույս ուներ վերադառնալ մեծ խաղի մեջ ու որոշակի որակական փոփոխություններ մտցնել հարցի կարգավորման գործընթացում։
«Երեկ հրապարակված փաստաթղթում չկա Արցախ ու նույնիսկ Լեռնային Ղարաբաղ բառը, չկա ինքնորոշման իրավունքի մասին որևէ հիշատակում, անգամ չկա Հայաստանի տարածքում ադրբեջանական զորքերի առկայության մասին որևէ դրույթ։ Սա լուրջ անհաջողություն է»,– նշեց նա։
Քաղտեխնոլոգը միաժամանակ նշեց, որ Պուտինի՝ ղարաբաղյան հարցի վերաբերյալ հայտարարությունից և Փաշինյանի պատասխանից հետո շատ մասնագետներ նման արդյունք կանխատեսեցին։
Հակոբյանի խոսքով՝ թեև Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման ռուսաստանյան տարբերակը երեկ չընդունվեց, սակայն չի բացառվում, որ կողմերի միջև բանավոր պայմանավորվածություններ կան։
«Բաց է մնում նաև այն հարցը, թե արդյոք կողմերը կշարունակեն գործընթացը Պրահայի հայտարարությունների տրամաբանությամբ։ Առաջիկա օրերին մենք կիմանանք` արդյոք շարունակվելու է արևմտյան փաստաթղթի շուրջ աշխատանքը Պրահայում սահմանված ժամանակացույցով, թե կողմերի միջև կան այլ պայմանավորվածություններ»,– նշեց քաղտեխնոլոգը։
Ըստ նրա` Հայաստանի վարչապետը հստակ հասկացրեց, որ պատրաստ է ընդունել հարաբերությունների կարգավորման ռուսական տարբերակը, եթե Մոսկվան կարողանա համոզել Բաքվին և նրա հետևում գտնվող Անկարային ընդունել փաստաթղթի որոշ կետեր։
«Կարծում եմ` Պուտինը փորձել է, բայց մերժում է ստացել առնվազն մի կողմից, բայց ես չեմ բացառում, որ այնտեղ շատ բան ի սկզբանե պայմանավորված է եղել»,–ասաց նա։
Հակոբյանը նշեց` խոսքը փաստաթղթի 15–րդ կետի մասին է, որով առաջարկվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր ընթացակարգերն իրականացնել առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման։
Սոչիում Ալիևի հայտարարությունից հետո, ըստ քաղտեխնոլոգի, պարզ դարձավ, որ եռակողմ հանդիպման օրակարգը շրջադարձային չի դառնա բանակցային գործընթացում։
Փորձագետը չբացառեց, որ հայտարարության տեքստից առհասարակ հանվել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ դրույթը։
Հակոբյանը նշեց, որ Սոչիում կարևոր էին նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երկկողմ հանդիպումները Ռուսաստանի նախագահի հետ, որոնց ընթացքում էլ հնչեցին հիմնական ուղերձները:
Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հոկտեմբերի 31-ին հանդիպել են Սոչիում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Տեղի է ունեցել բովանդակային քննարկում. Կոպիրկինը` Սոչիի եռակողմ հանդիպման մասին
Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։
Արցախի կարգավիճակի հարցը հաջորդ սերունդների համար է. Հայաստանում Ռուսաստանի դեսպան