ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Ճանաչված երգիչ Անդրեն Տաթևի վանքում ամուսնության առաջարկ է արել երգչուհի Անի Օհանյանին։ Անդրեն լավ նորությունը երկրպագուներին հայտնել է Instagram-ում։
«Իմ սերը քեզ` Անի Օհանյան․սիրո առաջարկություն Տաթևի վանքում»,-գրել է երգիչն ու հուզիչ տեսանյութ հրապարակել։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է զույգն ուղղաթիռով հասնում Սյունիք, այնուհետև Տաթևի ճոպանուղով՝ Տաթևի վանք, որտեղ էլ տեղի է ունենում գեղեցիկ արարողությունը։ Աղջկա համար երգչի այս քայլն անակնկալ էր։
Զույգի երկրպագուները բազմաթիվ շնորհավորական խոսքեր են հղել` նրանց մաղթելով երջանկություն և անսպառ սեր։
Զույգը ծանոթացել է հեռուստատեսային նախագծերից մեկում, որտեղ Անդրեն ժյուրիի կազմում էր, իսկ Անին մասնակցում էր մրցույթին։ Աղջիկը նոր է սկսում իր երգչուհու կարիերան։ Նա 21 տարեկան է, ծնվել է Արմավիր քաղաքում, բայց մեծացել է Սանկտ Պետերբուրգում։
Անդրեն ծնվել է 1979 թվականին Լեռնային Ղարաբաղում, սակայն երկար տարիներ ապրել և աշխատել է Հայաստանում։ Վերջին տարիներին Անդրեն բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, թեև հայրենիք հաճախ է գալիս։
Տարեսկզբին նա բարդ վիրահատության էր ենթարկվել ԱՄՆ-ում, որից հետո վերադարձել է Հայաստան ու մի քանի ամիս է, ինչ բնակվում է հայրենիքում։