Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Հնդկաստանի նախագահին

ՀՀ նախագահը զորակցություն է հայտնել Դրաուպադի Մուրմուին ու Հնդկաստանի ժողովրդին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Մորբի քաղաքում կամրջի փլուզման հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրաուպադի Մուրմուին։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
«Իմ խորին վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում»,- նշված է հեռագրում։
Հիշեցնենք, որ Հնդկաստանի Գուջարաթ նահանգում կախովի կամրջի փլուզման հետևանքով առնվազն 141 մարդ է մահացել։
Ավելի քան 140 տարի առաջ կառուցված Մաչխու ամբարտակի կամուրջը, որը գտնվում է Մորբի քաղաքի մոտ, վերակառուցումից հետո բացվել էր ընդամենը չորս օր առաջ՝ հոկտեմբերի 26-ին: Իշխանության տվյալներով՝ փլուզման պահին կամրջի վրա ավելի քան 500 մարդ է եղել, այդ թվում՝ երեխաներ։