Ռուբինյանը Մաշալյանի հետ խոսել է Հայաստան–Թուրքիա կարգավորման գործընթացի մասին

Ռուբեն Ռուբինյանն ու Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը
Մաշալյանը մասնակցելու է Մայր աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Կ․ Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին։ Այս մասին Ռուբինյանը հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում։
«Մայր աթոռում հանդիպեցի Կ․ Պոլսի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին։ Խոսեցինք Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի մասին»,– գրել է ԱԺ փոխխոսնակը։
Հիշեցնենք, որ Մաշալյանը մասնակցելու է Մայր աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին։
Նշենք, որ չնայած Հայաստանի ու Թուրքիայի միջև ընդհանուր սահմանին` դիվանագիտական հարաբերություններ չկան։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրի ԱԳ նախարարները ստորագրեցին դրանք հաստատելու մասին արձանագրություններ, սակայն այդ փաստաթղթերը կողմերը չվավերացրին։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարեց արձանագրությունների չեղարկման մասին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։