Պետք է ինչ-որ կերպ ավարտել ԼՂ հակամարտությունը. Պուտինը հանդիպել է Փաշինյանի հետ

Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը
ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ Սոչիում կայանալիք բանակցությունները թույլ կտան կարգավորման գործընթացում առաջ շարժվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Հայաստանի ղեկավարությունը քաղաքական կամք ունի լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։
«Հակամարտությունն արդեն տասնամյակներ շարունակվում է, և այն պետք է ինչ-որ կերպ ավարտին հասցնել։ Գիտեմ, որ դուք դրա քաղաքական կամքն ունեք։ Մենք ամեն կերպ աջակցում ենք դրան։ Պետք է գտնել այն հիմնական կետերը, որոնք թույլ կտան մեզ առաջ շարժվել»,– ասաց Պուտինը։
ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ Սոչիում կայանալիք բանակցությունները ևս մեկ հնարավորություն կտան քննարկել ընթացիկ իրավիճակը։ Նրա կարծիքով` այժմ ամենակարևորն այն է, որպեսզի խաղաղություն լինի և տնտեսական զարգացման համար պայմաններ ստեղծվեն։ Այդ խնդիրը դրվել է նաև 2020 թվականի նոյեմբերին, երբ դադարեցվեցին ռազմական գործողությունները։
Պուտինը հույս է հայտնել, որ հանդիպման արդյունքները կլինեն այնպիսին, որ առաջ շարժվելու հնարավորություն կլինի։
ՌԴ նախագահի խոսքով` Ռուսաստանը ելնում է նրանից, որ Հայաստանն իր ռազմավարական գործընկեր է դեռ հին ժամանակներից։
Հիշեցնենք, որ Սոչիում այսօր պլանավորված է նաև եռակողմ հանդիպում` ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև։