ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում նախատեսված եռակողմ բանակցությունների նախաշեմին ամրապնդեց իր դիրքերը երկրի ներսում։ Bunin & Co Telegram ալիքում հրապարակված հոդվածում այս տեսակետն է հայտնել ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ մեկնաբանելով իշխող «Քաղաքացիական պայմանագրի» համագումարի արդյունքները։
«Սոչիի գագաթնաժողովից առաջ, որտեղ Ռուսաստանի միջնորդությամբ կքննարկվեն հայ-ադրբեջանական կարգավորման հեռանկարները, Նիկոլ Փաշինյանն ամրապնդեց իր դիրքերը Հայաստանի ներսում։ Հոկտեմբերի 29-ին Երևանում տեղի ունեցավ իշխող կուսակցության վեցերորդ համագումարը, որտեղ վարչապետը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ ընտրվեց», - նշել է փորձագետը։
Մարկեդոնովը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ հանդիպումը փակ է եղել, ինչն էլ ընդդիմության քննադատությանն է արժանացել։ Ժամանակին, երբ Փաշինյանն ինքն էր իշխանության ընդդիմախոսը, նա և իր համախոհները քննադատում էին Հանրապետական կուսակցությանը ոչ բավարար թափանցիկության համար։
Քաղաքագետը նշել է, որ ընդդիմությունը, այդուհանդերձ, համաժողովի դեմ ոչ մի հրապարակային ակցիա չանցկացրեց։ Նրա գնահատմամբ՝ այսօր հայ ընդդիմադիրները ճգնաժամ են ապրում։ Քննադատները շատ են, բայց բովանդակալից գործողություններ ու ակցիաներ փաստացի չկան։
Այս առումով փորձագետը հատկանշական է համարել պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գնահատականները։ Նա ավելի վաղ հայտարարել էր, որ «Դիմադրություն» շարժման գործողությունների մեջ նորություններ կլինեն։ Բայց թե կոնկրետ ինչ, Օհանյանը չէր հստակեցրել։ Փորձագետի կարծիքով՝ կասկածներ կան, որ ընդդիմությունը իսկապես նոր և բեկումնային որևէ բան կդրսևորի։
Ըստ հոդվածագրի` հանրապետության ներսում իրավիճակը կայուն է, և կուսակցության վեցերորդ համագումարի արդյունքները միայն հաստատեցին Փաշինյանի ուժը։ Վարչապետին առանց որևէ խնդրի ընտրեցին կուսակցության վարչության նախագահ։ Համագումարին մասնակցեց 1064 մարդ, իսկ քվեարկությանը` «Քաղաքացիական պայմանագրի» 1024 անդամ։ Բացի այդ, վարչության 15 անդամների թվում են հայկական իշխանության բարձրագույն ներկայացուցիչները` ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, խորհրդարանի փոխխոսնակ (Թուրքիայի հետ կարգավորման բանակցությունների պատասխանատու) Ռուբեն Ռուբինյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը (ասում են, որ նա 2023 թվականի ավագանու ընտրություններից հետո քաղաքապետ է դառնալու–հեղ․), ինչպես նաև մի շարք պատգամավորներ և նախարարներ:
Ըստ Մարկեդոնովի` առնվազն երկու ազդակ ուղարկվեց Հայաստանի ներքին լսարանին և միջազգային գործընկերներին։ Քաղաքագետի խոսքով` Փաշինյանն ապացուցեց, որ երկրի ղեկավարն ու իշխող կուսակցությունը իրական այլընտրանքներ չունեն. դա կարող է ինչ-որ մեկին դուր գալ, ոմանք էլ հնարավոր է` կտրուկ չընդունեն դա, բայց Հայաստանի ճակատագրի մասին խոսել չի ստացվի` շրջանցելով այդ քաղաքական գործչին ու մարդուն։