Մանկատներում սննդի մատակարարման հարցում հակամրցակցային համաձայնության դեպք է բացահայտվել

Մանկատուն Գյումրիում. Արխիվային լուսանկար
Սննդի մատակարարմամբ զբաղվող մի շարք ընկերություններ` համաձայնեցված քաղաքականություն վարելով ստեղծել են հակամրցակցային իրավիճակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հակամրցակցային համաձայնության դեպք է բացահայտել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայտարարած գնման ընթացակարգերում։ Տեղեկությունը հայտնում է ՄՊՀ մամուլի ծառայությունը։
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ մի շարք ընկերություններ, որոնք մասնակցել են Տուն-ինտերնատների, հոգեկան խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնների, մանկատների և այլ նմանատիպ հաստատությունների կարիքների համար սննդի մատակարարման նպատակով հայտարարված գնման ընթացակարգերին հանդիսացել են փոխկապակցված անձինք։
««Դանինի» հայաստանյան մասնաճյուղ առանձնացված ստորաբաժանումը, «Տումոե», «Ֆուդսիթի», «Ջուզեպպե» և «Խաչմիք» ընկերությունները 2021 թ.-ի նոյեմբերի 1-ից մինչև 2022 թ.-ի հունիսի 31-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել են էլեկտրոնային աճուրդի ձևով հայտարարված գնման ընթացակարգերին՝ վարելով համաձայնեցված քաղաքականություն»,– ասված է հաղորդագրությունում:
ՄՊՀ-ն պարզել է, որ գործելով «Ֆուդսիթի» ընկերության օգտին, մյուս չորս ընկերությունները սակարկումների ընթացքում ներկայացրել են անհամեմատ ցածր գներ՝ բացառելով մրցակիցների կողմից սակարկելու հնարավորությունը։ Այսպիսով` նրանք խաթարել են գնման ընթացակարգը։ Իսկ այն սակարկումների ընթացքում, որտեղ «Ֆուդսիթի» ընկերությանն առաջին փորձից հաջողվել է հաղթող ճանաչվել կամ գնման առարկան դուրս է եղել վերջինիս հետաքրքրությունների շրջանակից, սակարկումներին չեն մասնակցել։