ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը մեկնաբանել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի` Տեր–Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հայտարարությունը: Նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։
Սաղաթելյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մեկ անգամ ևս վերահաստատել է երկիրը կապիտուլյացիայի տանելու իր նախկին մոտեցումները։ Նրա խոսքով` նախագահը փորձում է տարանջատվել Նիկոլից (նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին,– խմբ.), բայց այն գաղափարախոսությունն ու գործողությունները, որ անում են, մեկ անգամ ևս փաստում են դա։
Մուսինյանը Սաղաթելյանին հիշեցրել է, որ Հայ Հեղափոխական Դաշնակցությունն իր ողջ խմբակցությամբ քվեարկել էր Նիկոլ Փաշինյանին վարչապետ դարձնելու որոշման օգտին:
«Միակ բացառությունը եղել է Աղվան Վարդանյանը, որին այդ պատճառով հեռացրել են Դաշնակցությունից: Լևոն Տեր-Պետրոսյանը նույնիսկ հրապարակայնորեն քննադատվել է «հեղափոխությունը» չողջունելու համար: ՀՅԴ–ն Նիկոլ Փաշինյանի կոալիցիոն կառավարության մաս է կազմել: Իշխան Սաղաթելյանին այդ գործարքի շնորհիվ բաժին է ընկել հայրենի Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը: Կոալիցիոն կառավարության մաս կազմելով` Դաշնակցությունը պատասխանատվություն է ստանձնել Նիկոլ Փաշինյանի արցախյան քաղաքականության համար»,– գրել է Մուսինյանը։
Նա նաև ընդգծել է, որ կոալիցիայից դուրս գալուց հետո ՀՅԴ–ն բազում առիթներով ծափահարել է Նիկոլ Փաշինյանի արցախյան քաղաքականությանը՝ գերագույն էքստազ ապրելով նույն Փաշինյանի ոչմիթիզական, հակաբանակցային, հակապետական ու ազգակործան դիրքորոշումներից:
Մուսինյանի խոսքով` հիմա Դաշնակցության և ՔՊ-ի միջև ընթացող ներտեսակային ուրացումների սուր շրջան է, և Իշխան Սաղաթելյանը փորձում է ազատվել իրենց «հալալից»:
«Բայց պատմաբան Սաղաթելյանին պիտի հայտնի լինի, որ փաստերը հաղթում են աղմուկին ու կեղծիքին: Ինչքան էլ Իշխանը փորձի թպրտալ»,– ավելացրել է նա:
Ինչ վերաբերում է Վեհափառի նախաձեռնած գործընթացում նախագահ Տեր-Պետրոսյանի արտահայտած դիրքորոշմանը, ապա, ըստ Մուսինյանի, պետության ծանրագույն պահերին Տեր-Պետրոսյանը մշտապես որդեգրել է դիրքորոշում, որը բխում է պետության շահերից, անկախ նրանից, թե որ անձը կշահի դրանից:
«Հետևելով Իշխան Սաղաթելյանի «տրամաբանությանը», ապա նույն հաջողությամբ Տեր-Պետրոսյանի հոգեզավակներ պետք է հռչակվեն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Մի տեսակ անհարմար բան է ստացվում Իշխան Սաղաթելյանի համար: Նաև այն պատճառով, որ այդ պարագայում Իշխանն էլ, ստացվում է, Տեր-Պետրոսյանի հոգեթոռն է, ով դեռ պետք է մեծանա, աճի ու սերտի լիքը բաներ։ Մասնավորապես սովորի, որ չիմացած բաներից չեն խոսում, որ խայտառակ չլինեն»,– եզրափակել է Մուսինյանը։
Հիշեցնենք` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը սեպտեմբերի 26-ին Հանրային հեռուսըանկերության եթերում ասել էր, որ Հայաստանին սպասում են ծանր լուծումներ, ստորագրվելու է կապիտուլյացիայի պայմանագիր։