ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը դպրոցներում, խանութներում և այլ օբյեկտներում տեսանկարահանումներ իրականացնելու իրավունք կստանա։ Այսօր Ազգային ժողովում այդ մասին ասաց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը։
Ինչպես նշվում է օրինագծում, այդ առևտրային և ուսումնական հաստատությունները, դեղատներն ու մի շարք այլ ձեռնարկություններ, ինչպես նաև քաղաքային հաստատությունները պետք է իրենց տարածքներում տեսախցիկներ տեղադրեն։ Ոստիկանությունն էլ դրանց հասանելիություն կստանա իր «Տեսա- և լուսանկարահանման համակարգեր» նոր կազմակերպության միջոցով։
Ոստիկանությունը կկարողանա վերլուծել դրանց տվյալները` օգտագործելով դեմքի և մեքենաների ճանաչման սոֆթերը։
Նման համակարգի ֆինանսավորման և տեխնիկական աջակցության շուրջ բանակցություններ են ընթանում միջազգային կազմակերպությունների հետ։ Փորձնական ծրագիրը ցանկանում են սկսել Արմավիրի մարզից` հաշվի առնելով այնտեղի քրեական իրավիճակն ու Երևանին մոտ լինելը։ Դրանից հետո տեսանկարահանման համակարգը կկիրառվի նաև Երևանում և ամբողջ հանրապետությունում։