Հակառակորդը փորձում է կրակոցներով կանխել ինժեներական աշխատանքները. Ասրյան

Էդվարդ Ասրյան
ԳՇ պետի խոսքով` այժմ մեծածավալ ինժեներական աշխատանքներ են արվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հակառակորդը փորձում է կրակոցներով կանխել մեր կողմից իրականացվող ինժեներական աշխատանքները։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
«Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ հիմնականում գրանցվում են արևելյան ուղղությամբ` Կուտականի, Կախակնի, Սոթքի, Ջերմուկի ուղղությամբ։ Ներկա դրությամբ իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանի արևելյան, հարավարևելյան հատվածում հարաբերականորեն հանգիստ է։ Սակայն առհասարակ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտում է ինչպես նպատակային, այնպես էլ անկանոն ձևով»,–ասաց Ասրյանը։
Նրա խոսքով` այս պահին մեծածավալ ինժեներական աշխատանքներ են արվում։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։