ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանական կողմը մինչ օրս չի թույլատրում, որ սեպտեմբեր 13–ի ագրեսիայի հայկական կողմի զոհերի մարմինները դուրս բերեն։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց զինված ուժերի ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։
«Դիերը դուրս բերելու համար համապատասխան աշխատանքներ են արել մեր ԱԱԾ–ն, կառավարությունը, ՊՆ–ն։ Սակայն կարող եմ փաստել, որ Ադրբեջանի կողմից չկա թույլտվություն դիերը դուրս բերելու համար»,–ասաց Ասրյանը։
Հարցին, թե ճի՞շտ են լուրերը, որ կան դիեր, որոնք տեսանելի են հայկական կողմից, սակայն դրանք նույնպես դուրս բերել չեն թողնում` Ասրյանը պատասխանեց.
«Կա փաստ. Կուտականի ուղղությամբ մեր ԱԹՍ–ով դիտարկել ենք և պարզել` հակառակորդի դիրքի մատույցներում մեկ դիակ կա։ Սակայն այնտեղ մտնելու թույլտվություն դեռևս հակառակորդը չի տալիս»։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։