«Fly Arna»-ն իրականացրել է Երևան-Թբիլիսի առաջին չվերթը

Ինքնաթիռ
Ինքնաթիռը Երևանից Թբիլիսի է հասնում 30 րոպեում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային ավիափոխադրող «Fly Arna» ավիաընկերությունը հոկտեմբերի 30-ին իրականացրել է Երևան-Թբիլիսի առաջին չվերթը:
Ինչպես հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից, թռիչքի մեկնարկն ազդարարող խորհրդանշական կարմիր ժապավենը Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կտրել են «Fly Arna»-ի գլխավոր գործադիր տնօրեն Էնթոնի Փրայսը և ուղևորներից մեկը:
Թռիչքի տևողությունը կազմում է 30 րոպե: Ընկերությունը շաբաթական երեք չվերթ է իրականացնելու Հայաստանի և Վրաստանի մայրաքաղաքների միջև՝ ուղևորներին հնարավորություն տալով վայելել հանգստյան օրերը Թբիլիսիում:
Հաճախորդները կարող են ավիատոմսերը ամրագրել ընկերության պաշտոնական կայքի, զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:
Հիշեցնենք, որ «Fly Arna» հայկական ազգային ավիափոխադրողը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունն է, տեղակայված է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։